ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բակում 28-ամյա երիտասարդի և մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էր արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: