Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ Տիգրան Գևորգյանը:
Գևորգյանը նշեց, որ հոսպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք 38 աստիճանից բարձր ջերմություն չունեն, արյան թթվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս կամ շնչառական շարժումների թիվը րոպեում 22-ից պակաս է։
«Այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են, ենթակա են բուժապահովման պոլիկլինիկաների կողմից։ Այդ մեծ աշխատանքի մի ահռելի բաժին դրված է շտապ բուժօգնության ուսերին, քանի որ հիվանդները ինչ-ինչ պատճառներով չեն ուզում պոլիկլինիկա դիմել, չեն ուզում սպասել կամ երբեմն պետք է լինում հոգեբանական աջակցություն ցույց տալ նրանց։ Մեր որոշ գործընկերներ աշխատանքի են անցել կորոնավիրուսային կենտրոններում, այդ պատճառով շտապ օգնության բժիշկների քանակը պակասել է, բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ բացը կզգացվի։
Նա նշեց, որ կանչերի թիվը աճել է, մեծ մաս են կազմում այն անձինք, որոնք ջերմում են, սակայն նրանց մոտ կորոնավիրուսը չի հաստատվել․ «Մարդիկ վախեցած են, թերի ինֆորմացված են կամ էլ գտնվում են հոգեբանական ծանր վիճակում ու վախենում են վարակել իրենց հարազատներին»։
Շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանի սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկը ևս մեկ անգամ խորհուրդ տվեց պահպանել հակահամաճարակային կանոնները և ճիշտ կրել դիմակները։