ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում  հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը  իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը:

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ: 

Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչև 16032020թ.-ը, այսինքն` մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որևէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, և նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ:

Միաժամանակ ՊԵԿ-ը հայտնում է, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել