Երկրագնդի բնակչության մինչեւ 41 տոկոսը կարող է COVID-19-ի անախտանիշ վարակակիր լինել․ ԱՀԿ

Երկրի բնակչության մինչև 41 տոկոսը կարող է COVID-19-ի անախտանիշ վարակակիր լինել, սակայն միաժամանակ, հայտնի չէ, թե նրանց որ տոկոսը կարող է վիրուսը փոխանցել, հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կարծիք կա, որ բնակչության մոտ 6%-ից մինչև 41%-ի միջակայքում կարող են լինել անախտանիշ վարակակիրներ։ Սակայն մենք գիտենք, որ որոշ անախտանիշ և որոշ ախտանիշներով մարդիկ կարող են փոխանցել վիրուսը: Այնպես որ, մենք պետք է իմանանք, թե որքան մարդ ախտանիշներ չի ցուցաբերել, եւ նրանց ո՞ր տոկոսն է փոխանցում վիրուսը»,- ասել է նա Ժնեւում անցկացված առցանց սեմինարի ժամանակ:

Նշվում է, որ ԱՀԿ-ն ճշգրիտ տվյալներ չունի COVID-19-ի անախտանիշ վարակակիրների թվի վերաբերյալ: «Ի՞նչ գիտենք մենք վարակների մասին: Մենք գիտենք, որ COVID-19-ով վարակվածներից շատերը ունենում են ախտանիշներ: Բայց կան նրանք, ովքեր ախտանիշներ չունեն: Եվ վարակումների մեծ մասը, որոնց մասին մենք գիտենք, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ախտանիշներով մարդիկ վիրուսը փոխանցել են այլ մարդկանց՝ օդակաթիլային ճանապարհով: Եվ կան նրանք, ովքեր ախտանիշներ չեն ցուցաբերել: Իրական հարցն այն է, թե քանիսը կան: Մենք դա դեռ չգիտենք»,- ասել է նա:

Իր հերթին, առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակների ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ընդգծել է մեծ թվով թեսթերի անցկացման կարեւորությունը՝ COVID-19-ի բոլոր վարակակիրներին հայտնաբերելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել