Կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքից ելնելով։
Նախարարական սոցիալական կոմիտեի 2020 թվականի մայիսի 19-ի նիստում ևս քննարկվել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը:
Այսպիսով, «Կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պաշտոնապես հրապարակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հաստատված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է:»:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոխելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Կառավարության հաստատած նոր կարգով բուհերում ընդունելությունն իրականացվելու է մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, դիմում-հայտերի առցանց ընդունման եղանակով, հայտերի լրացման նոր տարբերակով: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար, նախկին 2 կամ 3 քննություն փոխարեն:
Ընդունելության նոր պայմանների սահմանմամբ համապատասխանաբար պահանջ է առաջանում նաև փոփոխել արդեն հաստատված մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Ներկայացված օրենքի նախագծով նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածի համար /ընդհանրապես, ոչ միայն COVID-19-ով պայմանավորված/ և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ արտակարգ դրության պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաև նոր ցանկ: