Ազգային ժողովի պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը գրառում է կատարել, որում ասվում է․
«Ի ՞նչ կենդանի է կոռուպցիան
Ըստ օդում կախված լուրերի 2018թվականին/հեղափոխությունից հետո/ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 41 շենքը օտարվել է պետության կողմից։
Ըստ օդում կախված լուրերի այն օտարվել է մոտ 260 միլիոն դրամով, որից երկու օր անց գրավադրվել է հայկական առևտրային բանկերից մեկում 550 միլիոն դրամով, այն էլ սա գույքի լիկվիդային արժեքն է և գույքը ըստ օդում կախված լուրերի արժեր մոտ 1 միլիարդ դրամ։
Ըստ օդում կախված լուրերի 2018թ տարեվերջին այս գույքը նման ձևով գնահատողի նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ և այնուհետև կարճվել։
Ըստ օդում կախված լուրերի այդ գնահատողը այսօր էլ շարունակում է գնահատել մեր երկրի պետական գույքը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ»։
Գրառմանն արձագանքել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։ Այս մասին նա գրում է․
«Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի այսօրվա «հակակոռուպցիոն» պոռթկմանը, ուզում եմ արձանագրել, որ Երևանի Իսրայելյան 41 հասցեի գույքի օտարման մասին գրառումը գրեթե ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝
1.Նշված գույքն օտարվել է ՀՀ կառավարության 15.03.2018 թվականի թիվ 276-Ն որոշման հիմքով։ Այսինքն որոշումն ընդունվել է մինչ հեղափոխությունը, մինչդեռ Ծառուկյանի գրառման մեջ նշվում է հեղափոխությունից հետո:
2. Ներկայումս գույքի օտարման գործընթացի վերաբերյալ հարուցված քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։ Այսինքն կարճման մասին որևէ խոսք չկա։ Իսկ գնահատողի նկատմամբ ոչինչ չի հարուցվել և հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածը, Պետական գույքի կառավարման կոմիտեն և «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը չէին կարող կամայական գործողություն իրականացնել աշխատակցի նկատմամբ։
Հ.գ. Ամեն ապատեղեկատվություն չէ, որ դիվիդենտ է ապահովում, այն էլ համավարակի դժվարին այս պահին։
Առողջ եղեք ու կրեք դիմակ, բայց բժշկական, ոչ թե փոխաբերական իմաստով»։