«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մայիսի 12-ին։
Այն ուժի մեջ է մտել մայիսի 14-ին։
Այս համաձայնագրի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում: Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության (վերապահումով) կողմից:
Համաձայնագրին միանալով, Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարային դիաբետի դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում, մշակել եւ հաստատել երկարատեւ համալիր ազգային ծրագրեր: Միաժամանակ Կողմերը կհամագործակցեն շաքարախտի եւ դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման եւ ներդրման, շաքարախտի կանխարգելման, ինչպես նաեւ հիվանդությամբ տառապող քաղաքացիների սոցիալական եւ բժշկական վերականգնման բնագավառներում:
Համագործակցող Կողմերը կնպաստեն շաքարախտով տառապող հիվանդների ասոցիացիաների, բժշկական հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների եւ դեղագործական արտադրությունների հիվանդության դեմ պայքարում համատեղ ջանքերի ամրապնդմանը: Միաժամանակ Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը: