Iravaban.net-ը ստացել է Դավիթաշեն գյուղի և Դավիթաշեն վարչական շրջանի (Մելքումով փողոց) մի խումբ բնակիչների նամակը «Երևան ջուր» ընկերության մասին:
Գործին ընթացք տալու համար այն հանձնել ենք Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն: Մինչ ավելի մանրամասն ու հանգամանալից պատասխան ստանալը, ստորև ներկայացնում ենք բնակիչների նամակի բովանդակությունը:
«Շուրջ մեկ շաբաթ է` ջուր չունենք, ընդ որում, անհայտ պատճառով: «Երևան ջուր» ընկերությունը, որ պարտավորվել է իր բաժանորդներին շուրջօրյա ջրով ապահովել, որևէ քայլ չի ձեռնարկում ջրամատարակարումը վերականգնելու ուղղությամբ: Ավելին՝ ընկերության օպերատորական ծառայության աշխատակիցներից հնարավոր չէ որևէ պարզաբանում ստանալ: Այս ծառայությունը նախատեսված է մարդկանց մոլորեցնելու, հիմարացնելու ու սարսափելի սթրեսի մեջ գցելու համար, իսկ տնօրենն ընդհանրապես անհասանելի անձ է: Յուրաքանչյուր բաժանորդի զանգը կամ ինչ-որ բան իմանալու փորձ ավարտվում է նրանով, որ ծառայության օպերատորը գրանցում է բաժանորդի հասցեն ու համարը, խոստանում է ճշտել պատճառն ու երկու ժամից տեղեկացնել: Մի քանի ժամ անհույս սպասելուց հետո, երբ կրկին ես զանգահարում, վերցնում է մեկ այլ օպերատոր ու կրկին առաջարկում ասել հասցեն ու հեռախոսը, քանի որ ինքը տեղյակ չէ` նախկին օպերատորն ինչ է ճշտել: Հաջորդ զանգին էլ, բնականաբար, կամ այլ օպերատոր է պատասխանում` լրիվ անտեղակ լինելով նախկինի աշխատանքից կամ ծառայության օպերատորները ուղղակի զանգին չեն պատասխանում` ենթադրաբար ֆիքսելով հեռախոսահամարդ: Ու այդպես օրեր շարունակ: Ընդ որում, սա մեր համայնքում երկարատև ջրանջատման առաջին դեպքը չէ: 2011 թվականի ամբողջ սեպտեմբերին մի ամբողջ ամիս մենք ստիպված էին այլ տեղերից ջուր բերելով հոգալ մեր կենցաղային խնդիրը, քանի որ «Երևան ջուր» ընկերությունից այդպես էլ մի հոդաբախշ մեկնաբանություն կամ լուրջ հիմնավորում չէինք ստանում` ինչ պատճառով ջուր չունենք, ինչ քայլեր է ձեռնարկում ընկերությունը ջրամատարակարումը վերականգնելու համար կամ երբ կվերակագնվի ջրամատարակումը: Ու արդեն ոչ մի հույս չունենք, որ ընկերությունը կարող է հիշել բաժանորդների առաջ իր ունեցած պատասխանատվության մասին:
Նման վերաբերմունքի արժանանալուց հետո մեզ` Դավիթաշեն գյուղի ու հարակից տների (Մելքումով փողոց) բնակիչներիս, ուղղակի ծաղրանք է թվում կայքի պաշտոնական էջում գրված վերամբարձ խոսքերն այն մասին, որ իրենք գիտակցում իրենց առօրյա գործողությունների ազդեցության չափը բնակչության կենսապայմանների բարելավման վրա ու արժևորում են իրենց հաճախորդներին:
Բաժանորդներին խաբելով, արհամարհելով ու անգործությա՞մբ են արժևորում նրանց: Ե՞րբ է ընկերությունը իրապես գիտակցելու իր պատասխանտվության չափը ու հաշվետու լինելու իր բաժանորդների առաջ»: