Կառավարությունը մայիսի 27-ին որոշում ընդունեց «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ ստեղծելու մասին։
Մարզական ակումբը կգտնվի Երևան քաղաքում՝ Բագրևանդի 5 հասցեում, որտեղ տեղակայված է պաշտպանության նախարարությունը։
Մարզական ակումբի`
- գործունեության նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին և պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:
- խնդիրներն են՝
ա. նախազորակոչային տարիքի պատանիների նախապատրաստումը զինված ուժերի հավաքական թիմերում և դրանց ռեզերվներում ընդգրկումը,
բ. զինծառայողների ու նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների ստեղծումը,
գ. ռազմակիարառական մարզաձևերի զարգացումը,
- գործառույթներն են`
ա. մասնագիտական հատուկ պատրաստության ծառայությունների մատուցումը,
բ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքական թիմերի մարզումների կազմակերպումը, այդ թվում ուսումնամարզական հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց նյութատեխնիկական ապահովումը,
գ զինվորականների միջազգային մարզական միջոցառումներին հավաքական թիմերի մասնակցության կազմակերպումը,
դ. մասնագիտական հավաքների կազմակերպումը,
ե. նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների մարզական կրթության կազմակերպումը,
զ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ուսումնակրթական գործունեություն իրականացումը,
է. մարզական ակումբի նպատակների իրականացմանն և խնդիրների կատարմանն ուղղված օրենքով չարգելված միջոցառումների իրականացումը:
Սահմանվել է նաև, որ մարզական ակումբն իր գործունեության նպատակի, խնդիրների և գործառույթների շրջանակներում՝
- լիցենզավորման ենթակա գործունեություն կարող է իրականացնել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա.
- կարող է իրականացնել վճարովի ծառայություններ՝ Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված կարգով, պայմաններով և չափերով։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում պաշտպանության նախարարը՝
- կհաստատի հիմնարկի կանոնադրությունը, կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրակցող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը:
- կապահովի հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: