Հանրային խորհրդի նախագահը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին

«Մեծարգո պարոն վարչապետ և նախարար,

Որպես Հանրային խորհրդի նախագահ ինձ են դիմել մի քանի ծնողներ, ըստ որում՝ մասնագիտությամբ բժիշկ, որոնք երեխաներ ունեն հանրակրթական դպրոցներում։

Նրանք հայտնել են, որ իրենց երեխաների դպրոցներից (կամ միգուցե բոլոր դպրոցներից) խնդրել են, որպեսզի վաղվանից ծնողները ներկայանան աշակերտների դասագրքերի հանձնման նպատակով: Հաշվի առնելով Covid 19 համավարակը և նրա տարածման տեմպերը վերջին շրջանում, ծնողները, որոնցից ոմանք մասնագիտությամբ բժիշկ են, ԽՆԴՐՈՒՄ և ՀՈՐԴՈՐՈՒՄ են ինձ օգտագործել իմ բոլոր կապերը և հնարավորությունները տեղեկացնելու համար, որ դա կարող է լինել վարակը տարածելու ևս մեկ ճանապարհ։

Ծնողները կարծում են, որ դպրոցներում դասագրքերի հանձնման պրոցեսը կարող է կատարվել օրինակ մեկ ամսից կամ օգոստոսի կեսերին, երբ իրավիճակը մտահոգիչ չի լինի կամ վերահսկելի կլինի:

Գրությունս ավարտում եմ նամակներից մեկից մեջբերմամբ․ <Նորից խնդրում եմ որպես բժիշկ, ով անմիջապես մասնակցում է covd19 -ով հիվանդների բուժմանը․ ենթադրում եմ՝ դա թյուրիմացություն է, որը մի գուցե Ձեր մասնակցությամբ կանխվի, քանի դեռ ուշ չէ… >։

Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում ճշգրտել, թե որքան համատարած է նման խնդիրը։

Իսկ ընդհանուր վերցրած, վերին աստիճանի ցանկալի կլինի, որպեսզի բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների համակարգման ոլորտում մարդկային շփումներ ենթադրող միջոցառման կամ միջոցառումների թույլատրումը լինի միջգերատեսչական մակարդակում ծայրահեղ համակարգվածության ներքո, որպեսզի կոնկրետ նախարարության կամ գերատեսչության իրավասության ներքո գտնվող բնագավառում տեղի չունենան միջոցառումներ, որոնք հակասում են ընդհանուր հակաճգնաժամային ռազմավարությանը և կարող են ռիսկեր ստեղծել։

Հարգանոք՝
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել