Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին: ԱԳ նախարարը, մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը: ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպ ես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը: «Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ն աև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել