Ի՞նչ է ֆինանսական փորձանքը, ի՞նչ իրավիճակներ են հաճախ հանդիպում, ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից

Բնակչության գրեթե 90%-ը կարևորում է ֆինանսական խարդախություններից զգուշանալը, սակայն դժվարանում է նշել թե ինչպիսի տեղեկությունն իրենց մոտ խարդախության կասկած կառաջացնի (ՀՀ ԿԲ՝ «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Նյութում կգտնեք, թե դրանց որ տեսակներն են հանդիպում Հայաստանում, ինչպես խուսափել դրանցից և ինչ անել, եթե արդեն վերջիններիս զոհն եք դարձել: Այս մասին նշում է Abcfinance.am-ը, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի  կողմից, որպես ֆինանսական գիտելիքների և հմտությունների ուժեղացման հանրամատչելի ուղի։

1. ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԳԱԼ 

Բարեգործության համար գումարի տրամադրում – Խարդախներն այս դեպքում  ներկայանում են օրինական գործող  բարեգործական ընկերությունների անունից: Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ:

Օրինակ․ Ձեզ զանգահարում են և տեղեկացնում, որ իրականացնում են  մանկական ամսագրի վաճառք, որից ստացված հասույթը ուղղվում է մանկատան երեխաների օգնությանը կամ այլ բարեգործական նպատակի: Առաջարկում են բերել ամսագիրը Ձեր տուն և կանխիկ ստանալ ամսագրի գնման գումարը:

Էլեկտրոնային փոստով – Մեծ ժառանգության ստացում:  Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով՝ որոշակի հարկերի և միջնորդավճարներ կատարելու դիմաց:

Օրինակ․ Նամակ եք ստանում հեռավոր երկրի որևէ փաստաբանից, ով առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ  գումարները։ Ընթացքում պարզվում է, որ գործարքն իրականացնելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափ գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…)։ Որոշակի ժամանակ անց, բավականին գումար կորզելուց հետո, խարդախը խզում է նամակագրական կապը:

Սոցիալական կայքերով – Անհապաղ ֆինանսական օժանդակություն: Խնդրում  են գումար տրամադրել  բժշկական անհետաձգելի ծախսեր հոգալու համար:

Օրինակ․ Սոցիալական կայքով ինչ- որ մեկը, ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ծանոթանում է ձեզ հետ և որոշ ժամանակ շփումից  հետո,  երբ արդեն վաստակում է ձեր համակրանքը և վստահությունը նամակ է ուղարկում, որ, օրինակ՝ իր եղբայրը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար գումար չունեն. խնդրում է օգնել ՝ գումարով: Երբ համապատասխան գումարը ստանում է, խզում է նամակագրական կապը:

Ինտերնետում ցանկացած էջ բացելիս – Արտասահմանյան վիճակախաղերի շահումներ: Խարդախները համոզում են գոյություն չունեցող դրամական շահումների ստացման համար վճարել որոշակի հարկեր, միջնորդավճարներ։

Օրինակ․ Մուտք եք գործել որևէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակ: Մրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք  ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո, զրույցի ընթացքում պարզվում է՝ մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկ:  Եկամտային հարկը վճարելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:

Ֆինանսական կազմակերպություններից – Աշխատանք  կամ բիզնեսի առաջարկ: Նվազագույն ջանքերով,  առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն:

Օրինակ – Առցանց առևտրի խանութը, որը վաճառում է այլ վայրերում անհասանելի թանկարժեք ժամացույցներ, ձեզ առաջարկում է գնել որոշակի քանակություն՝ դառնալով իրենց գործակալը և գումար վաստակել՝ նոր գնորդներ ներգրավելով: Հետագայում պարզվում է, որ ապրանքի գինը գերագնահատված է, իսկ գործակալ դառնալու համար նախատեսված ապրանքի քանակը չափազանց մեծ է՝ ողջամիտ ժամկետում վերավաճառելու համար:

2. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

  • Երբեք մի պատասխանեք նամակներին, որոնք ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:
  • Խուսափեք կասկածելի և գովազդային կայքերից ու հղումներից:
  • Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափեք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից և համացանցից:
  • Բանկային քարտի Պին կոդը բանկոմատի մոտ հավաքելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք չտեսնի։
  • Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակեք այն: Բանկային հաշիվ ների քաղվածքները առանց պատռելու մի նետեք աղբարկղը:
  • Օգտվեք sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը և նկատել գումարի արտահոսքը:
  • Տարին մեկ անգամ անվճար ստուգեք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ վերցնելու դեպքերը:
  • Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար:

3. ԵԹԵ ԱՐԴԵՆ ԸՆԿԵԼ ԵՔ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ

Անմիջապես դիմեք իրավապահ մարմիններին՝ հետագա կորուստներից խուսափելու և խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել