Հարկային օրենսգրքի 183 և 184-րդ հոդվածների համաձայն՝ ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն բաժնին համապատասխան պետական բյուջե վճարվող հարկ է:
Ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնող՝ սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատեր կամ նրանց կողմից լիազորված անձ (ներկայացուցիչ) համարվող, ինչպես նաև նույն հոդվածով սահմանված գործունեություն և (կամ) գործառույթ իրականացնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:
186-րդ հոդվածը սահմանում է, որ ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
2) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)` սույն բաժնով սահմանված ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկ վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները):