Ես և շատ ծնողներ սպասում էինք պաշտոնական խոսքին՝ սեռական կրթության «եվրոպական չափանիշների» կիրառելիության հնարավորությունը բացառելու վերաբերյալ. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձագանքել է Արդարադատության նախարարության պարզաբանմանը՝ Լանզարոտեի կենվենցիայի վերաբերյալ, որում ասվում է․

«Արդարադատության նախարարությունը ներկայացված տեսաուղերձիս վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել հայտարարելով՝ «Ուստի, տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում։ Ինչ վերաբերում է շահարկվող այսպես կոչված «եվրոպական չափանիշներին», որը պարզվեց փորձագիտական մի առաջարկ է ուղղված պետություններին, ապա մտահոգությունները փարատելու համար կրկին ժխտում ենք թե՛ դրանց կապը Կոնվենցիայի հետ, և թե՛ դրանց կիրառելիության հնարավորությունը մեր երկրում։»:

Ես և շատ ծնողներ սպասում էինք գործադիր իշխանության իրավասու մարմինների պաշտոնական խոսքին՝ սեռական կրթության «եվրոպական չափանիշների» կիրառելիության հնարավորությունը բացառելու վերաբերյալ: Այս առումով, շնորհակալ եմ արդարադատության նախարարությանը նման դիրքորոշում հայտնելու համար:

Այդ անհանգստությունն առաջացել էր, քանի որ Կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետը նշում է՝ «Սեռական շահագործման կամ սեռական ոտնձգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բնականոն սեռականության ընդհանուր համատեքստից դուրս կարող է վնասակար լինել երեխաների համար։ Հետևաբար, սեռական շահագործման և սեռական ոտնձգության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի սեռական կրթության ընդհանուր համատեքստում։ ..»:

Ցավոք, արդարադատության նախարարությունը պարզաբանումը ներկայացրել է նաև որոշ անձնավորված շեշտադրումով: Մասնավորապես պարզաբանումից տպավորություն է ստեղծվել, որ Լանզարոտեի կոնվենցիայի՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում քննարկմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն ունենալով, չեմ մասնակցել: Իրականությունը նա է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստին հրավիրված եմ եղել հանձնաժողովի նախագահի կողմից փաստաբանությանն առնչվող երեք հարց քննարկելու համար:

Մեր հարցերի քննարկման ժամանակ ներս ենք հրավիրվել, և երբ ավարտվել է, դուրս ենք եկել: Ցավոք, տեղեկացված չեմ եղել և դուրս գալու ժամանակ էլ չեմ լսել (ուշադրություն չեմ դարձրել), որ Լանզարոտեի կոնվենցիան է քննարկվելու: Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանձնաժողովի հրապարակային նիստին կարող էի մասնակցել միայն հրավերի դեպքում:

Լանզարոտեի կոնվենցիայի հետ կապված հրապարակային քննարկում ներկայացնելու անհրաժեշտությունը ընդգծել եմ, քանի որ նման զգայուն թեմաները միշտ էլ հիմնավոր կամ անհիմն հարցեր են առաջացնում, որոնց պետք է պատասխանել: Կառավարությունն այս առումով պետք է համբերատար գտնվի և փորձի քննարկումն ապահովել կառուցողական դաշտում:

Հ.Գ. 1. Կրթության ոլորտի պատասխանատու նախարարության պաշտոնական խոսքին դեռ սպասում ենք:

Հ.Գ. 2 Այսօր հանրագիր է ներկայացվել կառավարությանը այս հարցով պաշտոնական դիրքորոշում ստանալու կապակցությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել