2020թ. մայիսին նախատեսված աշխատանքային այցերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, պահպանելով հակահամաճարակային անվտանգության համապատասխան կանոնները, իր հերթական այցելությունն է իրականացրել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից։
Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Հովիկ Պետրոսյանի և հիմնարկի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Արտակ Հարությունյանը շրջել է հիմնարկի ողջ տարածքում, եղել է հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, խոհանոցում, որտեղ մանրամասն ուսումնասիրելով սանիտարահիգիենիկ պայմանները, օրվա ճաշացանկը՝ առկա խնդիրների շուրջ տվել է համապատասխան հրահանգներ: Շրջայցի ընթացքում ուսումնասիրել է նաև ինժեներատեխնիկական սարքավորումները՝ ուշադրությունը բևեռելով հատկապես «Rapiscan» անվտանգության նոր սարքի գործարկման և աշխատանքի արդյունավետության հնարավորություններին:
Ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանն այցելել է նաև ազատազրկված անձանց զբաղվածությունն ապահովելու և նրանց ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում նոր բացված արհեստագործական սենյակ, որտեղ դատապարտյալներն հիմնականում զբաղվում են փայտամշակմամբ և կավագործությամբ:
Հիմնարկի խցերում շրջայց կատարելու ընթացքում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը հանդիպել և զրուցել է կալանավորված անձանց ու ազատազրկման դատապարտված անձանց հետ, հարցուպատասխանի միջոցով պարզել նրանց պահման կարգին ու պայմաններին վերաբերող խնդիրներն ու նկատառումները:
Շրջայցից և հիմնարկի ողջ տարածքն ուսումնասիրելուց հետո Արտակ Հարությունյանը հիմնարկի ղեկավար անձնակազմին հրավիրել է լայնածավալ քննարկում-խորհրդակցության, որի ժամանակ հայտնել է իր գոհունակությունը հիմնարկում ներքին կարգապահական կանոնների պահպանման վիճակից, վարչակազմի և ծառայակիցների ծառայողական պարտականությունների կատարման գործընթացից: Արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը համակարգն ավելի կառուցողական և նպատակային դարձնելու, ազատազրկվածների վերասոցիալականացմանն ուղղված առավել արդյունավետ գործընթացներ իրականացնելու համար համապատասխան հրահանգներ ու կողմնորոշումներ է ներկայացրել հատկապես սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման, անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ղեկավարներին: Նրանց ուշադրությանն է հրավիրել անազատության մեջ պահվող անձանց հետ տարվող աշխատանքների և դրանք իրականացնող ստորաբաժանումների միջև հնարավոր փոխգործակցության եղանակների ու առանձնահատկությունների վրա, հրահանգել է ծառայության ընթացքում պահպանել ցանկացած գործընթացի իրականացման օրինականությունը՝ քննարկվող հարցերի շուրջ տալով նաև համապատասխան հանձնարարականներ։
Այցելության արդյունքները, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանի կողմից «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ուղղված ընդհանրական, խմբային և անհատական առաջարկությունները, նկատառումները և պահանջներն արտացոլվելու են համապատասխան արձանագրությունում: