Դանակահարություն երեխաների աջակցության կենտրոնում․ ոստիկանություն

Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Այս մասին տեղեկացնում եմ ոստիկանությունից։

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել է 19-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 2-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կրկին մարմնական վնասվածքով բուժօգնության տեղափոխված պատանու վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տուժածի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային տրավմա։ Պարզվեց, որ նա վնասվածքը ստացել է նույն վիճաբանության ժամանակ. ոստիկանություն ներկայացած երիտասարդն էր ոտքերով խփել ու մարմնական վնասվածք պատճառել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել