«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել միջնորդի հետ և պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վերջինից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը նա տվել է միջնորդին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել