Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 7-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված՝ «Մաշադյանի ընկերը կրկին հարկայինի պետ է՝ կաշառքի գործի փակումից հետո» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հարկային ծառայության աշխատակից Մարատ Մարգարյանը ներկայում զբաղեցնում է ոչ թե հարկայինի պետի պաշտոն (ի գիտություն թերթի` վաղուց հարկային տեսչությունները լուծարվել են), այլ` ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 7 (Արագածոտնի) բաժնի գլխավոր հարկային տեսուչի պաշտոն, և բաժնի պետի պաշտոնի թափուր լինելու պատճառով` միաժամանակ կատարում է բաժնի պետի պարտականությունները (մինչև օրենքով սահմանված կարգով մրցութային եղանակով տվյալ պաշտոնի համալրումը):
Ընդ որում, մինչև համապատասխան բաժին տեղափոխվելը նույն գլխավոր հարկային տեսուչի պաշտոն էր զբաղեցնում ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչությունում:
Միաժամանակ, ի գիտություն հոդվածի հեղինակի` Մարատ Մարգարյանը հարկային մարմնում ընդունվել է աշխատանքի դեռևս 1998 թվականին, ունի հարկային ծառայության շուրջ 20 տարվա աշխատանքային փորձառություն և այդ տարիների ընթացքում զբաղեցրել է հարկային տեսուչի, բաժնի պետի, տեսչության պետի տեղակալի պաշտոններ:
Ինչ վերաբերում է թերթի այն ապատեղեկատվությանը, որ «անցած տարի հոկտեմբերին 1 միլիոն դրամ կաշառքը ձեռքին ձերբակալված Արմավիրի հարկայինի պետի տեղակալի թելերը տանում էին դեպի Մարատ Մարգարյանը», ապա այդ տեղեկատվությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ վերջինս տվյալ քրեական գործի շրջանակներում ներգրավված չէ: