Ընձառյուծ՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում

Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

Ավելի վաղ՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։

Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։

Հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։

Տեսանյութը հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա ֆանտաստիկ նորություն է։

https://www.facebook.com/mnparmenia/videos/166920148031156/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել