Մայիսի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով, ստուգման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 38-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մեքենան։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Մեքենան բեռնված է եղել թեփով, ինչի տակ թաքցված է եղել մոտ 3 խմ տախտակ։ Վարորդը և ուղևորը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։
Ի դեպ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո վարորդը նստել է մեքենան և փորձել փախչել։ Ոստիկաններին հաջողվել է կանխել փախուստը, ինչի ընթացքում հնչել են հայհոյանքներ, և վարորդը հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկին։
Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության
Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Եղեգնուտի 38-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: