ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխարհում բռնկված նոր տիպի կորոնավիրուսային համավարակի արդյունքում ստեղծված միջազգային իրավիճակի և տարբեր երկրների իշխանությունների արձագանքի վերաբերյալ նամակագրային կապի մեջ է գտնվում մի շարք երկրների խորհրդարանների իր գործընկերների հետ:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԺ նախագահը նամակներ է ստացել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից, ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուից, Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյից, Բելգիայի Սենատի նախագահ Սաբին Լարյուելից և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դըվալից, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինից եւ Չիլիի Սենատի նախագահ Ադրիանա Մունյոսից:
Բոլոր գործընկերներն իրենց նամակներում բարձր են գնահատել Հայաստանի հետ ունեցած երկկողմ հարաբերությունները, մատնանշել են համավարակի պայմաններում համագործակցության, տեղեկատվության ու փորձի փոխանակման և մշտական կապի պահպանման կարեւորությունը, ընդգծել խորհրդարանական դիվանագիտության դերը թե՛ նոր կորոնավիրուսի շրջանում, թե՛ դրան հաջորդող ժամանակահատվածում: