Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 3-ին, Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Այդ մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Գագիկ Խաչատրյանի միջնորդություններն, ըստ էության, քննում էր մեկ դատավոր ու հանկարծ այնպես ստացվեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացումը տեղափոխվեց այս նստավայր և մակագրվեց այն դատավորին, ով քննում էր Գուրգեն Խաչատրյանի խափանման միջոցի միջնորդությունը։ Երբ Կարեն Խաչատրյանի միջնորդությունը մեկ անգամ կալանավորման հետ կապված արդեն գրավ կիրառվեց, հաջորդ երկարացման դեպքում նորից այս դատարանում և նորից այս դատավորին մակագրվեց ու նորից կալանավորեց Կարեն Խաչատրյանին։ Միայն այն փաստը, որ կա նույն դատավորին մակագրելու հարցը, դա արդեն խնդիր է»,- նշել է պաշտպանը։