Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն մայիսի 4-ից փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։
Որոշման 3-րդ հավելվածով սահմանվում են փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոնները:
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում, փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելիս, պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.
1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
2) Անհրաժեշտ է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակվում են գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:
3) Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը:
4) Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:
5) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. 65 և բարձր տարիքի անձինք,
բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
6) Նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):
7) Պատասխանատուն ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
8) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:
9) Պատասխանատուն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:
2. Փակ արտադրական տարածքի կազմակերպում.
1) Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
2) Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:
3) Ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են դիմային վահանակներ:
4) Աշխատատեղերը կահավորել փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:
5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը:
6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովել՝
ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը.
բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովել համապատասխան հանդերձապահարաններ:
3. Անձնակազմի համար կանոններ.
1) Ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռահար ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:
2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների՝ աշխատանքի վայր մուտքը:
3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը:
4) Բացառվում է առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփումը:
5) Անհրաժեշտ է բացառել արտադրամասում մարդկային կուտակումները:
6) Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
9) Աշխատողները 3-4 ժամը մեկ փոխում են դիմակները/դիմային վահանակները: Բացառվում են մեկանգամյա դիմակների և ձեռնոցների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործումը:
10) Ապահովել վարչական անձնակազմին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն:
11) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը արտադրական տարածքից: Անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման հնարավորություն՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:
12) Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում բացառել արտադրական տարածքում սնվելը և ապահովել սննդի կազմակերպման համար առանձնացված՝ օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ սենյակ կամ տարածք:
13) Անհրաժեշտ է նշանակել արտադրամասում լոգիստիկա ապահովողանձի/անձանց՝ տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:
4. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:
2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք: