«Ժառանգության» ներկայացուցիչը հերքել է իրեն կաշառք առաջարկելու լուրերը

2013թ. փետրվարի 18-ին եւ 19-ին էլեկտրոնային լրատավամիջոցներով տարածվել է «Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագիր»-ը, որտեղ ի թիվս այլ խախտումների` նշված էր, որ թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Համբարձումյան Արմենուհուն նախ փորձել են կաշառել, ապա` սպառնացել:

ՀՀ դատախազությունը նշված հրապարակումներն ուղարկել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին` հանձնարարելով ստուգել դրանցում մատնանշված հանգամանքները: Նյութերի նախապատրաստման շրջանակներում թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողվի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Ա. Համբարձումյանը բացատրություն է տվել, որ 2013թ. փետրվարի 18-ին Նախագահի ընտրությունները նշված ընտրատեղամասում ընթացել են առանց խախտումների եւ միջադեպերի: Ընտրակեղծիքներ եւ լցոնումներ չեն եղել:

Իր բացատրություններում Ա. Համբարձումյանը նշել է նաեւ, որ իրեն ոչ ոք կաշառք չի առաջարկել, չի ահաբեկել, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել: Իսկ թե նման տեղեկություն ինչու է հրապարակվել էլեկտրոնային լրատվամիջոցներում, Ա. Համբարձումյանը դժվարացել է բացատրել եւ նշել, որ տեղյակ չէ, եւ որ ինքը որեւէ լրագրողի չի հրավիրել:

Բացատրություններ է տվել նաեւ թիվ 08/22 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ի. Մարգարյանը, ով հավաստել է, որ քվեարկությունն ընթացել է առանց խոչընդոտների:

2013թ. փետրվարի 21-ին հարցում է ուղարկվել «Ժառանգություն» կուսակցություն, որտեղից հաջորդ օրը` փետրվարի 22-ին ստացվել է պատասխան, ըստ որի` վերոհիշյալ հրապարակումներում նշված տեղեկություններն ստացվել են ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբում եւ հաղորդումը վերաբերել է թիվ 08/23 ընտրատեղամասում հանձանաժողովի «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող անդամ Ս. Ալեքսանյանին:

Այսպիսով` նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ թիվ 08/22 ընտրատեղամաս հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Ա. Համբարձումյանին ոչ ոք կաշառք չի առաջարկել, նրան չեն ահաբեկել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրվել, հետեւաբար բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցակազմի հատկանիշ:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 55-րդ հոդվածով, 180-րդ, 181-րդ եւ 185-րդ հոդվածներով` որոշում է կայացվել` վերոհիշյալ հոդվածների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է «Ժառանգություն» կուսակցություն եւ բացատրվել բողոքարկման կարգը` որոշման հետ չհամաձայնելու դեպքում:

Ինչ վերաբերում է թիվ 08/23 ընտրատեղամասին, ապա տեղեկացնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սյուզաննա Ալեքսանյանին ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ էլեկտրոնային լրատավամիջոցներում եղել էր առանձին ահազանգ: Դատախազության կողմից իրականացվող զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում այդ ահազանգին նույնպես օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:

Արդյունքում` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ 2013թ. փետրվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել