Կորոնավիրուսի ախտորոշումից ժամեր անց Մարալիկում տղամարդ է մահացել

Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա տղամարդ է մահացել, նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նախօրեին նմուշառում է իրականացվել տան պայմաններում՝ կորոնավիրուսային հիվանդության արդյունքը եղել է դրական, մի քանի ժամ անց նա մահացել է։

Հիշեցնենք, որ պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 18-ին նոր որոշում է ստորագրել, որով նոր սահմանափակումներ է մտցրել Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում։

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվել են հետևյալ սահմանափակումները.

ա/ Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
գ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.
դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտքագործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։

Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել