Երեկ Ոստիկանությունը հրապարակայնորեն արձագանքել է Օմբուդսմենի կողմից ներկայացված ընտրախախտումների և ընտրահանցանքների մասին հաղորդմանը և հայտնել, որ Պաշտպանի կողմից ներկայացված 10 ընտրահանցանքներից 8-ը դեռևս քննվում են ոստիկանության կողմից, իսկ երկուսի քննությունն արդեն ավարտված է հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
ՄԻՊ գրասենյակն ամենևին չպնդելով, որ իրենց ահազանգած քաղաքացիները բոլոր դեպքերում տիրապետում և ներկայացնում են բացարձակ ճշմարտությունը, այդուհանդերձ, կարևոր է, որ նրանց կողմից տրված տեղեկատվության հերքման դեպքում բոլորիս ներկայացվեն կատարված աշխատանքի մանրամասներ և համոզիչ փաստարկներ: Մասնավորապես, Սիսիան քաղաքում և Վերին Գետաշեն գյուղում ընտրակաշառք բաժանելու այս երկու գործերով անհրաժեշտ է ներկայացնել, թե ումից և ինչ բովանդակությամբ բացատրություն է վերցվել, և եղել են արդյոք իրարամերժ բացատրություններ: Եթե եղել է թեկուզ մեկ իրարամերժ բացատրություն, ապա անհրաժեշտ է քրեական գործ հարուցել, որը հնարավորություն կտա կատարել այլ քննչական և քրեադատավարական գործողություններ (առերեսումներ, ճանաչման ներկայացնել, փորձաքննություններ, այլուրեքությունների պարզում և այլն): Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած ողջամիտ մարդ հավատա, որ ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու համար արել է ամեն հնարավորը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ` իրենք հուսով են՝ ընտրահանցանքների մասին այս և բոլոր մյուս հաղորդումների պարագայում Ոստիկանությունը հավուր պատշաճի կընդունի և կիրագործի իրենց հորդորը, քանի որ հակառակ դեպքում կստվերվի ոչ միայն ոստիկանության կատարած աշխատանքը, այլև ընտրությունների ողջ պատկերը:
Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ հատկապես ընդգծել է. «Մեր հասարակությունը հաճախ առավել կարևորում է քաղաքական գնահատականներն ու գործընթացները և անտեսում իրավականը: Ցանկացած հետընտրական գործընթացում ամենևին չթերագնահատելով քաղաքական բաղադրիչները՝ այնուամենայնիվ, անհրաժեշտ է նվազագույնը դրանց զուգակցել իրավական գործընթացները: Հետևաբար ծայրահեղ անհրաժեշտ է հասարակության ուշադրությունը սևեռել նաև առանձին ընտրախախտումների և ընտրահանցանքների վրա: Ինդուկցիայի մեթոդով (մասնավորից դեպի ընդհանուրը) կարելի է ձևավորել և հիմնավորել առանձին քաղաքական գնահատականներ: Այս ընտրություններում առանց այն էլ շատ չեն ընտրահանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ պարունակող ահազանգերը, հետևաբար չի կարելի անտեսել և ոչ մի դեպք: Չի կարելի թույլ տալ, որ իրավապահ մարմինները թեկուզև թափանցիկ ու հրատապ, բայց այնուամենայնիվ ընդհանուր ու միատեսակ բացատրություններով ավարտեն այդ գործերի քննությունը»։
Աղբյուրը` Իրավաբան.net