Ի՞նչ ժամկետում կարող է նշանակվել վարչական տույժը

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ այն կարճելու մասին որոշում կայացվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից 3 տարվա ընթացքում:

Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

Այսպիսով, սահմանված ժամկետից հետո նշանակված վարչական տույժը որևէ իրավական ուժ չի կարող ունենալ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել