Պետք է հնարավորինս արագ մշակել համակեցության նոր կանոններ․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային ֆինանսների կառավարման փորձգետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է ճգնաժամային կառավարման հարցերին։ Այս մասին նա գրում է․

«Կարծում եմ բոլորը կհամաձայնվեն, որ հիմա ճգնաժամային վիճակում է ոչ միայն մեր պետությունը, այլ նաև աշխարհի մեծ մասը: Շատերը մեզ մոտ և այլ պետություններում այս վիճակը համեմատում են պատերազմական վիճակի հետ, ինչի հետ մասնակի համաձայն եմ:

Գաղտնիք չէ նաև, որ ճգնաժամային վիճակները, հատկապես, երբ դա պատերազմական է դիտարկվում, պահանջում են չգնաժամային կառավարում: Երբ պատերազմական բառը շեշտադրում ենք, ապա դա նշանակում է, որ վիճակի լավացումը կախված է ոչ միայն մեզանից, այլ նաև հակառակորդից, իսկ տվյալ դեպքում հակառակորդը անկառավարելի և անտեսանելի բացիլ է, ինչը կարող է թվալ, թե ավելի վտանգավոր է, քան մարդու տեսքով թշնամին: Այս հարցում շատերի հետ համաձայն չեմ, մարդու տեսքով թշնամին, հատկապես մեր հարևանների դեպքում, ավելի վտանգավոր է:

Ի՞նչ է նշանակում ճգնաժամային կառավարում, արդյոք մենք այս պահին ունե՞նք ճգնաժամային կառավարում: Կարծում եմ չունենք: Իրականում մենք ունենք արտակարգ դրություն, որը հայտարարում են ճգնաժամային կառավարման գործիքներ կիրառելու համար, սակայն մեզ մոտ այդ գործիքները չեն նկատվում, պարզ չէ, թե որոնք են, հետևաբար կարող եմ պնդել, որ ճգնաժամային կառավարում չի իրականացվում:
Երկու օրինակ բերեմ, ավելի պարզ ասելիքս հաղորդելու համար: Մեկը մեր օրերից, մյուսը երկրորդ համաշխարհայինից:

Օրինակ մեկ:
ԱՄՆ նախագահ Թրամպը մի քանի օր առաջ հրամանագիր ստորագրեց, որը կոչվում է պաշտպանական արտադրության ակտ: Սա իրավունք է տալիս երկրի նախագահին արտակարգ դրության պայմաններում, պաշտպանական նպատակադրումներից ելնելով թելադրել երկրի ցանկացած արտադրողի ինչ, երբ և ինչպես արտադրել, ում վաճառել, ինչքանով վաճառել և ինչ վարքագծի կանոններ դրսևորել: Սա հնարվորություն է տալիս պետությանը մի կետից կառավարում իրականացնել, ինչը ճգնաժամային պայմաններում անհրաժեշտություն է` ռեսուրսների սակավության և անհավասար բաշխման խնդիրները լուծելու, դրանք օպտիմալ տեղաբաշխելու և ճգնաժամային վիճակը մաքսիմալ արդյունավետ կառավարելու համար:
Սրա շրջանակներում է նաև, որ նախագահը արգելել էր որոշակի բժշկական սարքավորումների և նյութերի արտահանումը` նույնիսկ արդեն կնքված պայմանգրերի դեպքում:

Օրինակ երկու:
Երկրորդ համաշխարհայինին գիտենք, որ գերմանացիներին չի հաջողվում գրավել Մեծ Բրիտանիան (ՄԲ): Դա հիմնականում հնարավոր է դառնում բրիտանացիների ցանցային օդային պաշտպանության շնորհիվ, որը ճգնաժամային հաջողված կառավարման օրինակներից է: Մի քանի դրվագներ ասեմ այդ կառավարման պրոցեսներից: Որպես օդաչու, բացի անգլիացիներից և բրիտանացիներից, սկսում են ներգրավել նաև օտարազգիների: Ներգրավումը տեղի էր ունենում սովորեցնելու ճանապարհով, քանի որ պատերազմը համաշխարհային էր, իսկ օդաչուների նկատմամբ պահանջարկը` ամենուր: ՄԲ-ն օդաչուների վարժանքների դպրոցներ է հիմնում երկրից դուրս` իր գաղութային տարածքներում: Դրանցից մեկը Քենիայում էր, որտեղ ներգրավված անձանց 2-3 ամիս նախնական հմտություններ էին սովորեցնում: Ուսուցիչները քաղաքացիական ավիացիայի, հիմնականում մասնավոր հատվածից ներգրավված մարդիկ էին, զինվորական չէին: Դրանից հետո այդ մարդկանց տեղափոխում էին Իրաք, որտեղ նախնական ուսումնառություն անցած օդաչուները արդեն ռազմական ինքնաթիռների վրա վեց ամիս վարժանքներ էին կատարում` ռազմական ոլորտի ուսուցիչների և հրահանգիչների օգնությամբ: Այնուհետ այս մարդիկ դառնում էին ռազմական օդաչու և ներգրավվում պատերազմական գործողություններում: Սրանով հանդերձ ՄԲ-ն մեծ թվով օդաչուներ է կորցնում, և ինչպես փաստում են որոշ վավերագրեր` գրված այդ օդաչուների կողմից, պատճառը նա էր, որ չնայած այս մանրակրկիտ վարժանքներին, այս մարդիկ պատերազմելու կարողություններ չունեին, նրանց միայն սովորեցրել էին ռազմական ինքնաթիռ կառավարել և դրանցից կրակել: Խոշոր հաշվով, չնայած մեծ կորուստների գնով, ՄԲ օդային պաշտպանությունը հաջողում է հետ մղել գերմանական հարձակումները և չթողնել երկրի օկուպացումը:

Կարծում եմ այս երկու դրվագներով պատմությունները վերծանելու կարիք չկա և դրանց կիրառական լինելը մեր օրերում և մեզ մոտ ակնհայտ է:
Մեր մասին շատ կարճ:
Հարկավոր է ստեղծել օպերատիվ` ճգնաժամային կառավարման շտաբ, որը արտակարգ դրության պայմաններում պետք է ստանձնի մի կետից կառավարողի գործառույթները, և այս շրջանակներում պետք է նաև մասնավոր հատվածին, մասնավորապես գործարաններին թելադրի, ինչ, ինչքան և երբ արտադրել ու ինչպես վաճառել, նույնը նաև ներկրողներին: Այո, ճգնաժամային կառավարման պայմաններում ազատ շուկայի կանոններն ու մասնավոր սեփականությունը սեփականատիրոջ կամքով տնօրինելու իրավունքները սահմանափակվում են: Այնպես, ինչպես հիմա սահմանափակված է մեր ազատ տեղաշարժի իրավունքը:

Կասեք, բա պարետատունը: Պարետատունը ներկայում ապահովում չգործելու և տեղաշարժի սահմանափակման ռեժիմը, կարծում եմ գործելու և ճգնաժամային կառավարման ռեժիմ նրանք չեն իրականացնում և, միայն ներկա ռեսուրսով, չեն էլ կարող: Ընդհանրապես չգործելը այլևս տարբերակ չի կարող լինել, իսկ մենք հիմա չգործելու ռեժիմում ենք: Չգործելով թշնամուն չեն հաղթում, հակառակ ավելի են թուլանում և պարտվում են:
Ճգնաժամային կառավարման մոդելի հիմքում պետք է լինի կարողությունների կեսով, սակայն ավելի շատ ռեսուրսի ներգրավմամբ գործելու տրամաբանությունը:

Օրինակ, արտադրությունը դառնում է երկու հերթափոխ` արտադրամասում եթե առաջ հարյուր մարդ էին, հիմա պետք է լինի հիսուն և պակաս, որը հնարավորություն է տալիս սոցիալական հեռավորություն պահել և նաև համաճարակային արդյունավետ կառավարում իրականացնել: Միաժամանակ, սա հնարավորություն է տալիս նոր մարդիկ ներգրավել` սոցիալական խնդիրները և արդյունքում պետության վրա ծանրացած բեռը մեղմել:

Այլ կերպ ասած մարդը կես օր է աշխատում, վճարվում կես օրվա համար, իսկ փոխարենը այլ անձ է նաև ներգրավվում: Սա նաև վիճակն է թելադրում, քանի որ դժվար է պատկերացնել, որ մարդ ութ ժամ դիմակով աշխատի, իսկ հիմա այլ կերպ կնշանակի համավարակի տարածման տեմպի ահագնացում կամ էլ սոցիալական խորը ճգնաժամ:
Օրինակ, անհանգստացնող է, երբ մեզ հաղորդում են, որ բժիշկները օր ու գիշեր` անքուն աշխատում են: Սա երկար չի կարող շարունակվել, այլապես ուժասպառ լինելու զրույցներ ենք լսելու, ինչն անընդունելի է:

Պետք է հնարավորինս արագ մշակել համակեցության նոր կանոններ, սրա մասին արդեն գրել եմ, և անցնել ճգնաժամային կառավարման` թողնելով հնարավոր ամեն ինչ փակ պահելու ներկա մոտեցումը: Եթե այս համավարակը ամիսներ նույնիսկ տարի և ավել է տևելու, ինչի մասին արդեն աշխարհն է խոսում, ապա չգործելու մոտեցումը, հավասարապես, միգուցե էլ ավելի վտանգավոր է, քան վիրուսի պատճառած վնասները:
Հիշենք, որ մեզ մոտ ավելի դժվար օրեր են եղել` 91-94թթ: Ապրում էինք կիսասոված, մթի ու ցրտի մեջ: Սրանով հանդերձ շարունակում էինք սովորել ու նայել առաջ: Ինքս, 93-94-ին մոմի լույսի տակ պարապելով, անվճար Տնտեսագիտական Համալսարան ընդունվեցի:

Ճիշտ է, այդ տարիներին կորուստները մեծ էին, սակայն հաղթանակով դուրս եկանք վիճակից, և ոչ-ոք չէր համարձակվում խոսել ուժասպառ լինելու մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել