Ծեծել էր կնոջն ու 4 միլիոն դրամից ավելի փող հափշտակել․ ոստիկանություն

Մարտի 14-ին Ստեփանավանում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը 42-ամյա կին էր։ Եկեղեցու փողոցի նրա տուն դիմակավորված տղամարդ էր մտել, հարձակվել տանտիրուհու վրա, ձեռքերով հարվածներ հասցրել նրա դեմքին ու հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոն 200 հազար դրամից ավելի գումար։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ստեփանավանի ոստիկանները ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով հետախուզական տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետևողական աշխատանքին միացան նաև մարզային ոստիկանության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները։

Իրավապահների համատեղ աշխատանքը ապրիլի 10-ին արդյունք տվեց։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ ավազակությունը կատարել է Ստեփանավանում բնակվող 40-ամյա մի տղամարդ։ Նա կնոջը ծեծելուց և փողերը հափշտակելուց  հետո իր «Ժիգուլիով» ուղևորվել էր Երևան և 800 հազար դրամը գերազանցող պարտքը վերադարձրել։ Ձեռք բերված փաստական տվյալների հիմնավորմանը հաջորդեց կասկածյալի հայտնաբերումը։ Քրեական հետախույզները 40-ամյա տղամարդուն Ստեփանավանի Բաղրամյան փողոցից բերման ենթարկեցին բաժին, ապա ներկայացրին քննչական մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել