ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը․ կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարաձգելու մասին։

Որոշման հիմանվորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

  • հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի ապրիլի 13-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպքերը, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 1009), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
  • հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, իսկ 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում կիրառված միջոցառումներն ու սահմանափակումները զգալի ազդեցություն են ունեցել վարակի տարածման դեպքերը նվազեցնելու գործում,
  • հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը,

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց․

  1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • որոշման 1-ին կետում «ապրիլի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերով։

Որոշումն ուժի մեջ կտնի հրապարակման պահից:

Ի թիվս այլ կարգավորումների սահմանվեց, որ կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:
Այս ահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել