Վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում․ ՔՕ

Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլուխը սահմանում է բնակելի տարածության վարձակալության պայմանները։

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը` բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով։ Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով:

Վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում:

Վարձատուն պարտավոր է պատշաճ շահագործել այն բնակելի տարածությունը, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վճարի դիմաց մատուցել անհրաժեշտ կոմունալ ծառայություններ կամ ապահովել դրանց մատուցումը, վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը և կոմունալ ծառայություններն ապահովող սարքավորումները:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով` վարձակալ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:

Վարձակալը պարտավոր է ապահովել բնակելի տարածության պահպանությունը և այն պահպանել պատշաճ վիճակում: Նա իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում:

Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակելի տարածության վարձակալության վճարը: Վարձակալը պարտավոր է վճարել կոմունալ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բնակելի տարածությունում, վարձակալի համաձայնությամբ, կարող են մշտապես բնակեցվել այլ քաղաքացիներ:

Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում իր հետ մշտապես բնակվող քաղաքացիների բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանները խախտող գործողությունների համար:

Վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն թույլատրել բնակելի տարածությունում անհատույց բնակվելու ժամանակավոր բնակիչների:

Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում ժամանակավոր բնակիչների գործողությունների համար:

Ժամանակավոր բնակիչները պարտավոր են բնակելի տարածությունն ազատել նրանց հետ համաձայնեցված բնակության ժամկետի ավարտից հետո, իսկ եթե նման ժամկետ համաձայնեցված չէ, ապա` վարձակալի կամ նրա հետ մշտապես բնակվող ցանկացած քաղաքացու նման պահանջի ներկայացման օրվանից յոթ օրվա ընթացքում:

Վարձակալության հանձնված բնակելի տարածության ընթացիկ վերանորոգումը վարձակալի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

Վարձակալության հանձնված բնակելի տարածության հիմնական վերանորոգումը վարձատուի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

Բնակելի տան, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վերասարքավորումն առանց վարձակալի համաձայնության չի թույլատրվում, եթե նման վերասարքավորումն էականորեն փոփոխում է բնակելի տարածության օգտագործման պայմանները:

Բնակելի տարածության վարձակալության վճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:

Բնակելի տարածության վարձակալության վճարի չափի միակողմանի փոփոխում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Բնակելի տարածության վարձակալության վճարը վարձակալը պետք է մուծի ամեն ամիս, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրով վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, իր վարձակալած ամբողջ տարածությունը կամ դրա մասը ժամկետով կարող է հանձնել ենթավարձակալի օգտագործմանը: Ենթավարձակալը ձեռք չի բերում բնակելի տարածության օգտագործման ինքնուրույն իրավունք: Ենթավարձակալի գործողությունների համար վարձատուի առջև պատասխանատվություն է կրում վարձակալը:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը հատուցելի է:

Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում միաժամանակ դադարում է բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը:

Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`

1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.

2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:

Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով`

1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.

2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման դեպքում վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող մյուս քաղաքացիները դատարանի վճռի հիման վրա ենթակա են վտարման բնակելի տարածությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել