Կոտաքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Երեք տասնյակ այս համակարգիչները՝ ամբողջական լրակազմերով (այդ թվում՝ լիովին նոր ստեղնաշար, մկնիկ և վեբ-տեսախցիկ), երկուշաբթի օրվանից կբաշխվեն մեր մարզի մի քանի տասնյակ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ընտանիքների՝ այդ ընտանիքներում դպրոցահասակ փոքրիկների համար հեռավար դասընթացների լիարժեք հասանելիություն ապահովելու նպատակով։
Նախաձեռնությունն իրականություն դարձավ SMART նորարար կրթության հիմնադրամի ( Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամ) և Ucom հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում, ինչի առիթով շնորհակալությունս եմ հայտնում մեր գործընկերներին։
Ուրախությամբ հայտնում եմ նաեւ՝ երկուշաբթի օրը ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին՝ իրենց հայեցողությամբ տրամադրելու դրանց առավել կարիք ունեցող մեր աշակերտներին։ Պլանշետները մեզ են տրամադրվել ԿԳՄՍ նախարարության կողմից, որի մանրամասներին կանդրադառնանք հավելյալ տեղեկատվությամբ։
Առո’ղջ եղեք և լավ սովորե’ք»։