ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Եղիշե Չարենցի տուն-թանգարանն առաջարկում է «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով ծրագիրը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանն իր ֆեյսբուքյան https://www.facebook.com/profile.php?id=100028998044633 էջում սկսում է ծրագիր` «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով, որը նախատեսված է մեծահասակների համար:
Հայկական ժողովրդական երգերի դասական և նորովի ներկայացված տարբերակները հնարավորություն են ընձեռում վերհիշելու լավագույն ու սիրելի գործերը և վայելելու արդի սերնդի կատարումները: Ներկայացվում են նաև թեմատիկ առանձնացումներով առած-ասացվածքներ, որոնք տարբերակված են ըստ բարբառային և տեղային տարածվածության: Յուրաքանչյուր օր ներկայացվելու է երկու կամ ավելի կատարում, որին հաջորդելու է հինգ-վեց առած:
Ծրագրի նպատակն է ապահովել տարիքային բոլոր խմբերի կրթամշակութային ժամանցը: Ծրագիրը խթանում է տատիկ-պապիկներ և թոռնիկների համատեղ դիտումը, քանի որ տարիքային այդ խումբը միշտ չէ, որ օգտվում է համակարգչից և սոցիալական կայքերից:
Դիմելով երեխաներին՝ խնդրում ենք օգնել մեծահասակներին` ապահովելով օգտակար ժամանց տարիքային երկու խմբերի համար»: