Կառավարությունը մարտի 30-ին որոշում է ընդունել աջակցությունն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք կորոնավիրուսի հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև են կանգնել: Սա թվով 6-րդ միջոցառումն է:
Այս ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
Եթե 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եք աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր տեղում աշխատանքային պայմանագրի մեկնարկի օրվա միջև տարբերությունը չի գերազանցում 3 օրը՝ կարող եք մասնակցել ծրագրին:
Եթե աշխատանքի եք ընդունվել 2020 թ.-ի փետրվարի 1-ին և ազատվել աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում չեք կարող օգտվել ծրագրից: Շահառու կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, ովքեր մասնավոր սեկտորում գրանցված աշխատող են եղել առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից սկսած:
Անհատ ձեռնարկատերերը ևս կարող են օգտվել ծրագրից,, եթե 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ եղել են անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է՝ մինչև 2020 թ.-ի մարտի 30-ը:
Կան ոլորտներ, որոնց աշխատակիցները չեն կարող համարվել ծրագրի շահառու, մասնավորապես այն քաղաքացիներնը, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում:
Պետության կողմից տրամադրվող աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ և տրամադրվելու է մեկ անգամ: Գումարը չի հարկվելու:
Հավելենք, որ կան նաև բացառություններ՝ մասնավոր սեկտորում աշխատող և մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարաբերություններ են ունեցել այլ գործատուի հետ կամ նույն գործատու հետ ունեցել են 1-ից ավելի աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: