Սուսաննա Գրիգորյանը դիմել է դատարան և հայտնել, որ ինքը հանդիսանում է քաղաքացի Սեյրան Գրիգորյանի քույրը:
Դիմողը միաժամանակ նշել է, որ Սեյրան Գրիգորյանը իր սեփական գործողությունների նշանակությունը չի կարող հասկանալ և դրանք ղեկավարել, քանի որ նրա մոտ նկատվում են հոգեկան խանգարման նշաններ: Բացի այդ, առկա են համապատասխան փաստաթղթեր, որոնք կարող են վկայել և թույլ տալ պնդելու, որ իր եղբորը պետք է անգործունակ ճանաչել, ինչը, անշուշտ, կբխի նաև նրա շահերից:
Դատարանը, ուսումնասիրելով դիմումը, գտել է, որ այն ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևոնքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Սույն գործով դիմող Սուսաննա Գրիգորյանը որպես ակնկալվող իրավական հետևանք, նշել է, որ խնամակալության սահմանումն առավել քան անհրաժեշտ է, քանի որ դա միջոց կհանդիսանա իր կողմից խնամարկյալի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար: Ինքը, հանդիսանալով Սեյրան Գրիգորյանի քույրը, ունենալով բավարար միջոցներ, որպես խնամակալ ճանաչվելու դեպքում, օրենքի ուժով կհանդիսանա խնամարկյալի ներկայացուցիչ, նրա անունից և ի շահ նրա կկնքի բոլոր անհրաժեշտ գործարքները, կներկայացնի նրա շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում նաև դատարանում, որպիսիք Սեյրան Գրիգորյանը ինքնուրույն չի կարող իրականացնել հոգեկան խանգարման հետևանքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170–րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
Քաղաքացուն գործունակությունից զրկելու հիմք է համարվում ոչ թե ցանկացած հոգեկան անհավասարակշռություն կամ մտավոր տկարություն, այլ այնպիսին, որը նրան զրկում է իր գործողությունների նշանակությունը հասկանալու և դրանք ղեկավարելու ունակությունից: Այդպիսի քաղաքացիների առողջության վերաբերյալ եզրակացություն տալիս են դատաբժշկական փորձագետները, իսկ քաղաքացին անգործունակ է ճանաչվում դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170–րդ հոդվածի պահանջների` նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում կազմված եզրակացության համաձայն`
Սեյրան Ֆրունզիկի Գրիգորյանը կարող է հասկանալ իր գործողությունների նշանակությունը և ղեկավարել դրանք: Ուստի Սեյրան Ֆրունզիկի Գրիգորյանին իր ներկա հոգեկան վիճակով հարկ է ճանաչել գործունակ:
Սուսաննան համաձայն չէ փորձագետի եզրակացության և դատարանի վճռի հետ, ուստի դիմել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net