Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը և Վարազդատ Կարապետյանը նոր նախագծերի փաթեթ են ներկայացրել, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
Հեղինակները առաջարկում են արգելել սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) և բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում:
Նախագծի ընդունման դեպքում՝ սպառողական կրեդիտի գնի (տոկոսադրույքի) վերաբերյալ տեղեկատվությունը գովազդում կներկայացվի բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի միջոցով: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկը չի կարող պարունակել պայմանականություն, հաճախորդի վարքագծից կախված գնանշում, որը սպառողի մոտ կառաջացնի շփոթություն կամ մոլորություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ: Միևնույն ժամանակ սպառողական կրեդիտի գովազդը չի կարող ստեղծել տպավորություն, որ կրեդիտը տրամադրվում է անվճար կամ անտոկոս, կամ պարունակի վարկի գնի վերաբերյալ շփոթեցնող կամ մոլորեցնող այլ տեղեկատվություն: Գովազդն էլ պետք է տեղադրված լինի այնպես, որ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների տարածքից դուրս տեսանելի չլինի:
«Տարիների փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքականության կարգավորումների բնակչությունն «անպաշտպան» է ֆինանսական կազմակերպությունների առջև: Առնվազն հայկական իրականության մեջ շուկայի ինքնակարգավորումը այս դեպքում չի գործել, իսկ խնդիրը զարգանում է ահագնացող տեմպերով: Որպես հակափաստարկ կարող է դիտարկվել բարձր տոկոսադրույքներով և արագ վարկերի տրամադրման սոցիալական էֆեկտը, որը կարծում ենք եկամուտներ ունեցող խավը կարող է իրականացնել ապահովագրության միջոցով: Այսինքն, այս օրինագիծը միտված է նաև քաղաքակրթական փոփոխություններին:
Սույն նախագծով մեր կողմից սահմանափակվել ու խստացվել են անբարեխիղճ գովազդի գրավչությունը, այսինքն փորձել ենք ազդել/կանոնակարգել առաջարկը:
Ի լրումն, փորձել ենք կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները և դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության և ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը»,-նշել են հեղինակները:
Նախագծի ընդունման դեպքում՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար կսահմանի պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները: