Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնեցին նշված հասցե, որտեղ էլ պարզվեց, որ արտադրամասն աշխատում է:
Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:
Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»,-նշված է հայտարարության մեջ։
Տեսանյութը՝ ոստիկանության