Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում:
Արմեն Սարգսյանի և Ռեուվեն Ռիվլինի պայմանավորվածության համաձայն, հարցի ավելի առարկայական և մասնագիտական քննարկման նպատակով այսօր կամ վաղը հեռախոսազրույց տեղի կունենա երկու կողմերի գործադիր իշխանության առողջապհության մարմինների պատասխանատուների միջև։ Անհրաժեշտության դեպքում կարիքները գնահատելու նպատակով տեսակապի միջոցով կանցկացվի նաև մասնագետների ընդլայնված քննարկում։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով նախագահ Սարգսյանի Իսրայել Պետություն կատարած այցին, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշենք որ հիշյալ այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ էր ունեցել Իսրայելի նախագահի և Կնեսետի նախագահի հետ, որոնց ընթացքում բարձրացրել էր Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ՀՀ նախագահը նաև ելույթ է ունեցել Իսրայելի երկու լավագույն համալսարաններում: