Ի՞նչ կենսագրություն ունեն Արման Սարգսյանը և Էդուարդ Մարտիրոյսանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ»-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարեց, որ Արման Սարգսյանը կնշանակվի ոստիկանապետ, իսկ Էդուարդ Մարտիրոյսանը՝ ԱԱԾ տնօրեն։ Նշենք, որ նշանակման վերաբերյալ նախագահի հրամանագրերը դեռ հասանելի չեն։

Իրավաբան. net-ը ներկայացնում է պաշտոնյաների կենսագրությունը;

Արման Սարգսյանը ծնվել է 1978 թ. հունիսի 4-ին, Երևան քաղաքում:

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ է: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա`

2001-2005 թթ. Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր,

2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր,

2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ,

2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,

2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ,

2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Իրավաբան. net-ը  ներկայացնում է նաև Էդուարդ Մարտիրոսյանի կենսագրությունը:

Գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին Արտաշատ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:

1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:

1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:

1995 թվականին մասնակցել է երկամսյա հավաքի ՀՀ զինված ուժերում:

1998 թվականի սեպտեմբերին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:

1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:

2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության 9-ամսյա դասընթացները, իսկ 2004 թվականին՝ 5-օրյա անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ, դատախազության և քննչական կոմիտեի կողմից: Հանդիսանում է Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:

2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի կողմից՝ շնորհակալագրով:

2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել