Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության և տվյալ օտարերկրյա պետության միջև նախնական համաձայնության հիման վրա:
Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ օտարերկրյա պետության հետ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունները խզելու, ինչպես նաև դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու դեպքերում:
Տվյալ պետության հետ դիվանագիտական կապերը վերականգնվելու կամ որևէ այլ պատճառով օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը լուծարելուց հետո դրա վերականգնման անհրաժեշտություն առաջանալու դեպքում օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության վերաբացումը կատարվում է վերը նշված կարգով:
Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն ստեղծվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` տվյալ միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ տվյալ միջազգային կազմակերպությունում ընդունված կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման կազմակերպական հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով, կարող են միաժամանակ հավատարմագրվել մեկից ավելի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով, կարող է որևէ օտարերկրյա պետության շահերը ներկայացնել օտարերկրյա այլ պետությունում կամ միջազգային կազմակերպությունում:
Որևէ օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության խնդրանքով կարող է Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնել այլ օտարերկրյա պետությունում կամ միջազգային կազմակերպությունում` ընդունող պետության կամ միջազգային կազմակերպության հետ նախնական համաձայնության դեպքում:
Աղբյուրը` Իրավաբան.net