Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը պետք է մանրամասն ուսումնասիրի և ճիշտ գնահատականի արժանացնի տվյալ հայցը հարուցելու ցանկացած շահարգիռ անձի մեջ հայցվորներից (բողոք բերած անձանց) յուրաքանչյուրի շահագրգռվածության հարցը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Ելնելով նշված իրավական նորմերից` շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի.
1. Հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,
2. Ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):
Աղբյուրը` Իրավաբան.net