Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար. այս դրույթը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Այս նորմը նաև սահմանված ու առավել մանրամասնված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում:
Կրկնակի դատապարտման արգելքը նշանակում է, որ նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում:
Քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման, բացառությամբ դատախազի կամ գլխավոր դատախազի կողմից որոշումը վերացնելու դեպքերի:
Դատախազը քրեական գործը կարճելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննության մարմնի կամ քննիչի կայացրած որոշումը կարող է վերացնել որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում: Դրանից հետո քրեական հետապնդման մարմնի՝ գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը կարող է վերացվել մեկ անգամ և միայն գլխավոր դատախազի կողմից՝ այդպիսի որոշում կայացնելուց հետո` վեց ամսվա ժամկետում:
Քրեական հետապնդման արգելքի վերը նշված կանոնները չեն գործում դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերանայելու դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net