Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է.
«Մի քանի նորություն՝ Երևանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ
Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների և կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը և աշխատանքի մեթոդաբանությունը:
կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաև հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ և կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման և պատվաստման,
ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչև ստերջացման և պատվաստման գործողությունները,
Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան և հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:
Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միևնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»: