Դպրոցներում ընդունելության ժամանակ նախապատվություն կտրվի այդ դպրոցում քույր, եղբայր կամ հարազատ աշխատակից ունեցող երեխաներին

Ազգային ժողովում մարտի 5-ին քննարկվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» և ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանք երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հիմնական փոփոխությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրա հետ կապված բավականին արդյունավետ քննարկումներ են անցկացվել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։

Ըստ նախարարի՝ սկզբունքային հարցերից մեկը վերաբերել է հեռավար կրթությանը, և քանի որ բոլոր խմբակցություններն այս ձևակերպման հետ կապված ունեցել են մտավախություններ, նախարարությունը այդ դրույթը վերաձևակերպել է այնպես, որ հեռավար կրթությունը դիտարկվի որպես կրթական ծրագրի իրականացման ձև։ «Հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ վերջիններս ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության, եթե հնարավորություն կա ներգրավվել նոր մասնագետի: Հեռավար կրթությունը հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանված կարգով բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետներում»,-հստակեցրել է Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ եթե, դիցուք, երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվել և տվյալ տեղի համար դիմորդ չի եղել կամ մրցույթը չի կայացել, ապա կարող է իրականացվել հեռավար կրթություն, բայց նաև սահմանվում է, թե ինչ ժամկետով է այն իրականացվելու և երբ է հայտարարվելու հաջորդ մրցույթը:

Երկրորդ փոփոխությունը վերաբերել է պետական ուսումնական հաստատություններն անվանակոչելու կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին:

Հաջորդ փոփոխությունը՝ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները ՀՀ կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում՝ սրանով մեծացնելով վերջիններիս դերակատարությունը:

Սովորողների ընդունելության կազմակերպման գործընթացում առաջնահերթությունը կտրվի տվյալ դպրոցում քույր և եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին՝ հաշվի առնելով նաև նախորդ տարվա ընդունելության ժամանակ հնչեցված հիմնական բողոքները:

Սահմանվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը:

Սահմանվել են ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև աշակերտների և ծնողների էթիկայի նորմերը:

Փոփոխվել են տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն և դաստիարակ մրցույթների անվանակարգերը:

Սահմանվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը:

Սահմանվել է, որ կրեդիտային համակարգը ներդրվում է միայն 10-12-րդ դասարաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել