Ինչպես արդեն նշել ենք, բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձին պետությունը հատկացնում է արտոնյալ վարկեր՝ բնակարանային պայմանները բարելավելու համար:
Ներկայացնենք, թե ո՞ւր պետք է դիմի իրավասու անձը՝ նշված վարկը ստանալու համար:
Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):
Իսկ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Դիմումին կից ներկայացվում են՝
ա) բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի կամ նրա առաջին հերթի ժառանգի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վկայականի պատճենը.
բ) արդարացման մասին տեղեկանք` տրված Հայաստանի Հանրապետության դատախազությունից.
գ) Հայաստանի Հանրապետությունում բռնադատվածի նախկին բնակության վայրում (իսկ այլ պետություններից բռնադատվածները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում) շինարարություն իրականացնելու նպատակով տրամադրված հողամասի նկատմամբ իրավունքի գրանցման վերաբերյալ փաստաթուղթ.
դ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը.
ե) անավարտ կամ վթարային բնակելի տան (առանձնատան) դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան (առանձնատան) շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի մասին տեղեկանքը.
զ) շինարարական աշխատանքների նախահաշիվը:
Նախարարությունը քննարկում է դիմումները` դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ փաստաթղթերի ստացման հաջորդականության:
Աղբյուրը՝ Իրավաբան.net