Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:
Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը:
Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանի տվյալները ներկայացնում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով այսուհետ` (Ազգային հանձնաժողով): Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման մատյանում հաշվառման կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման տվյալների հիման վրա Ազգային հանձնաժողովը վերահսկում է հեռուստառադիոընկերությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պայմաններին: Ազգային հանձնաժողովը ընտրանքային սկզբունքով իրականացնում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր հեռուստառադիոընկերության համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները համադրվում են հեռուստառադիոընկերությունների ներկայացրած հաշվառման մատյանների տվյալների հետ:
Հեռուստառադիոհաղորդումների հաշվառման վերաբերյալ գրանցումները կարող են կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով:
Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
Աղբյուրը` Իրավաբան.net