Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել է խնջույքի և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքի մասնակիցներից մեկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը գտնվում է գործի դրված վիճակում և վերահսկողությունից դուրս, առանց ավտոմեքենայի սեփականատիրոջ իմացության և թույլտվության, նստել է ռեստորանի դիմաց կայանված նշված ավտոմեքենայի ղեկին, իսկ խնջույքի մեկ այլ մասնակից իրեն անծանոթ անձը՝ վարորդի կողքի նստատեղին, և այն վարել Ծովակալ Իսակով պողոտայով թույլատրելի արագությունը գերազանցող շուրջ 105կմ/ժամ արագությամբ, որի ընթացքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել պողոտայի միջնամասում առկա բաժանարար բետոնե պատնեշին, ապա՝ դուրս եկել հանդիպակաց ուղեմաս և ընդհարվել հանդիպակաց ուղեմասով ընթացող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, ինչն անզգուշությամբ առաջացրել է չորս մարդու՝ իր հետ նույն ավտոմեքենայում գտնվող ուղևորի և վթարին մասնակից «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի, վերջինիս երկու ուղևորների մահը:

Նախաքննության ընթացքում նշված անձը, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, կատարելով սուտ մատնություն, վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե, իբր, տեղի ունեցած ավտովթարի ժամանակ ավտոմեքենան վարել է ավտոպատահարի պատճառով մահացած իրեն անծանոթ անձը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ապացուցվել է նրա կատարած սուտ մատնությունը, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով, 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով և 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել