Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է ներկայացրել կառավարության նիստից հետո Արսեն Թորոսյանի հարցազրույցի վերաբերյալ․
«Երբ կոնտեքստից հանվում է ընդամենը մեկ տող, դառնում վերնագիր և ասվածի ողջ բովանդակությունը կորում է: Ցիտում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ խոսքից հատված` կառավարության ճեպազրույցից:
«Երկու բանի մասին պետք է խոսենք: Նախ` եթե տեսնենք որևէ հիվանդության ավելի լայն տարածման վտանգ, թե կոչերով և թե ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնանք դրան:
Օրինակ` դա կարող է լինել ինչ-որ տեղաշարժման սահմանափակումներ և այլն, ինչպես շատ երկրներում: Սակայն այս մասով մենք դեռևս նման մտահոգություն չունենք:
Երկրորդ` կորոնավիրուսը ռեսպերատոր հիվանդություն է, որը հիմնականում տարածվում է ձմեռային շրջանում, ինչպես օրինակ գրիպի վիրուսը: Միշտ էլ մենք խորհուրդ ենք տվել, որ եթե կա կասկած որևէ վիրուսի` գրիպով կամ այլ ռեսպերատոր վարակով, ցանկալի է, որ նա փակ տարածքներում չգտնվի: Բայց բաց տարածքների մասով նման առաջարկությունը իմաստ չունի, որովհետև բաց տարածքներում հիմնականում վիրուսները արագ ոչնչանում են և չեն տարածվում:
Հետևաբար այս պահին հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք Հայաստանում չկա և խուճապի մատնվելու կարիք էլ չկա:
Նույնիսկ Վրաստանում, որտեղ արդեն մեկ հաստատված դեպք կա` նման անհրաժեշտություն և կարիք չկա:
Առողջապահական համակարգը ինքնին բնականոն աշխատանքային ռեժիմի մեջ է, սակայն ինֆեկցիոն ծառայությունները և ընդհանրապես համակարգը հավելյալ հրահանգավորվել է, թե ինչ է պետք անել այս հիվանդությունով հիվանդ հայտնաբերելու դեպքում` սկսած, թե ում պետք է ահազանգել, որտեղ է պետք է թեստավորել, որտեղ պետք է հոսպիտալացնել: Եվ ինքը, քանի որ որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»»,-նշել է նա: