Սերժ Սարգսյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին. դատավորը որոշումը կհրապարակի վաղը

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։

Դատական նիստի մեկնարկից հետո Սերժ Սարգսյանի պաշտպանը Ամրամ Մակինյանը միջնորդեց մեղադրական եզրակացության մեջ ներառել Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հատվածներ, քանի որ և՛ դատավարության կողմերը, և՛ նիստը նախագահող դատավորը պետք է իմանան, թե ով է գործով ամբաստանյալը։

Իսկ ՀՀ երրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին:

Ըստ պաշտպանի՝ դատախազը կողմնակալ վերաբերմունք ունի գործի նկատմամբ նա նշեց, որ մինչդատական վարույթի ընթացքում բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանի անմեղությունը ապացուցելու ուղղությամբ. «Նպատակը եղել է ամեն գնով Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տալը»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի վաղը՝ փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել