Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել։
«Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը այսօր՝ 27.01.2020 թվականին, գումարել է արտահերթ նիստ։ Օրակարգում խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառումն էր, որը հանրության շրջանում լայն արձագանք ստացավ։
Քննարկման արդյունքում խմբակցությունը ցանկանում է ևս մեկ անգամ արձանագրել, որ մերժելի է համարում ատելության խոսքի և բռնության ցանկացած դրսևորում, ընտանիքի անդամներին թիրախավորելու և նմանատիպ գործիքակազմի կիրառումը։ Նշվածը մեզ համար անընդունելի է հատկապես, եթե կատարվել է մեր թիմի անդամների կողմից՝ ուղղակիորեն հակասելով քաղաքական թիմի որդեգրած արժեքներին։
Կարևորելով քաղաքական պատասխանատվության ինստիտուտը՝ խմակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հանդես գալ ներողության խոսքով և վայր դնել մանդատը»։
Նշենք, որ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հրայր Թովմասյանի դստեր նկարը և գրել․ «Հ. Թովմասյանի աղջկա FB-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։